Փավստոս Բուզանդի և նրա աշխատության մասին առաջին անգամ հիշատակել և դրվատանքով է խոսել V դարի պատմիչ Ղազար Փարպեցին իր «Պատմություն Հայոց»-ի մեջ, նրան համարել է երկրորդ հեղինակը՝ Ագաթանգեղոսից հետո:Ուսումնասիրողների կարծիքով՝ «Բուզանդը» պատմիչի կեղծանունն է. մեկնաբանվել է որպես Բյուզանդիայում կրթություն ստացած մարդ, իսկ ըստ Ստեփան Մալխասյանցի՝ եղելությունների, զրույցների մեկնիչ: Բուզանդի «Պատմություն Հայոց»-ը կամ «Բյուզանդարան պատմությունք»-ը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի երկի շարունակությունն է. ընդգրկում է Խոսրով Բ Կոտակի թագավոր դառնալուց (մոտ 330 թ.) մինչև 387 թ., երբ Հայաստանը բաժանվել է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Բաղկացած է առաջաբանից և 4 դպրություններից (III, IV, V, VI), որոնք էլ բաժանված են առանձին գլուխների: I և II դպրությունների բացակայությունը տարբեր կերպ է բացատրվում. կամ դրանք կորել են, կամ Բուզանդը չի ցանկացել կրկնել Ագաթանգեղոսին: Համենայն դեպս, Փարպեցու ժամանակ էլ այդ 2 դպրությունները չեն եղել: «Ի սկիզբն» վերնագրված III դպրության մեջ (21 գլուխ) շարադրված է Խոսրով Բ Կոտակի և Տիրանի, IV-ում (59 գլուխ)՝ Արշակ Բ-ի, V-ում (44 գլուխ)՝ Պապի և Վարազդատի թագավորության ժամանակաշրջանների իրադարձությունները, իսկ «Վերջ» վերնագրված դպրությունը (16 գլուխ) Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի բաժանման պատմությունն է: Երկը շարադրելիս Բուզանդն օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական-վկայաբանական գրքերից, նախորդ հայ պատմագիտական գրականությունից, ժողովրդական ավանդազրույցներից («Արշակ և Շապուհ»): Երկում ներառված է «Պարսից պատերազմ» ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած պայքարի պատմությունն է: «Պատմություն Հայոց»-ը վիպական, դրամատիկ և պատմողական տարրերի յուրատեսակ միահյուսում է, որի համար էլ բանասերները հաճախ այն անվանել են վիպասանություն:Իր նախորդի՝ Ագաթանգեղոսի նման Բուզանդը նույնպես քարոզել ու փառաբանել է քրիստոնեական կրոնն ու բարոյականությունը: Միաժամանակ նա պաշտպանել է հայոց տերերի միաբանության գաղափարը. Հայաստանը կբարգավաճի միայն այն ժամանակ, երբ միաբան լինեն թագավորը, կաթողիկոսը, սպարապետը և նախարարները: Քննադատելով Արշակունի թագավորների վարքը՝ պատմագիրը, այդուհանդերձ, ջերմորեն պաշտպանել է կենտրոնացված պետության գաղափարը: Բուզանդը կարծում է, որ մարդուն, առավել ևս թագավորին ուժ ու զորություն է տալիս երկիր հայրենին, ուստի, աստվածասիրությունից զատ, նա հայրենասիրության կոչ է անում: Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի IV դարի պատմության, երկրի ներքին կյանքի, հասարակական-քաղաքական կառուցվածքի, դասերի փոխհարաբերությունների, եկեղեցակրոնական հարցերի, ժողովրդի կենցաղի, սովորույթների, հավատալիքների, պարսկա-բյուզանդական հարաբերություններում Հայաստանի դերի մասին:Երկն անփոխարինելի աղբյուր է նաև բանագետի համար. հետքրիստոնեական շրջանի (մինչև V դար) հայ ժողովրդական բանահյուսության առանձին հատվածները պահպանվել են շնորհիվ Բուզանդի «Պատմություն Հայոց»-ի:Առաջին անգամ «Բյուզանդարան պատմությունք» խորագրով այն հրատարակվել է 1730 թ-ին, Կոստանդնուպոլսում: Աշխարհաբարի է վերածել Ստեփան Մալխասյանցը (լույս է տեսել 1947 թ-ին): Թարգմանվել է ֆրանսերեն (1867 թ.), գերմաներեն (1879 թ.) և այլ լեզուներով:Փավստոս Բուզանդի «Պատմության» հիման վրա Րաֆֆին գրել է «Սամվել», Ստեփան Զորյանը՝ «Հայոց բերդը», «Պապ թագավոր», «Վարազդատ», Պերճ Զեյթունցյանը` «Արշակ Երկրորդ» պատմավեպերը: Երևանում Բուզանդի անունով կոչվել է փողոց:
«Փավստոս Բուզանդի գլխավոր առավելությունը, մյուս պատմիչների համեմատությամբ, երկրի իրական կյանքը մոտիկից ճանաչելու մեջ է»:
Նիկողայոս Ադոնց,
պատմաբան, բանասեր
Բուզանդի «Պատմությունը» ընդգրկում է շուրջ կես դար` Խոսրով Կոտակի գահակալությունից (330-338 թթ.) մինչև Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանումը 387 թ.։ Երկը սկսվում է երրորդ դպրությունից և ավարտվում է վեցերորդ դպրությամբ։ Հայտնի է, որ առաջին երկու դպրությունները չեն եղել արդեն Փարպեցու ժամանակ։Բուզանդի շարադրանքի ոճն ազատ է և նման չէ 5-րդ դարի մյուս պատմագիրների ոճին: Հեղինակը հաճախ է մոռանում այս կամ այն տվյալը, մոռացկոտ ու անփույթ է նյութի և թեմաների դասավորության մեջ, միախառնում է իրականությունն ու հրաշապատումը, իսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու քննական մտածողությունը, դեպքերը պատճառաբանելու և հիմնավորելու Եղիշեի ունակությունը, սակայն ունի Ագաթանգեղոսի միտումայնությունը (տենդենցիոզությունը):Երրորդ դպրությունը պատմում է Խոսրով Երկրորդ Կոտակի (330-338) և Տիրանի (338-350) թագավորության տարիների մասին: Չորրորդ դպրությունը՝ Արշակ Երկրորդի (350-368) գահակալության մասին, ընդհուպ մինչև նրա բանտարկվելը Անհուշ բերդում: Հինգերորդ դպրությունը՝ Պապի (370-374), Վարազդատի (374-378), Արշակ Երրորդի (378-390) և աթոռանիստ Վաղարշակի թագավորության տարիների մասին: Վեցերորդ դպրությունը պատմում է Հայաստանի բաժանման մասին և տեղեկություններ է հաղորդում հայոց եպիսկոպոսների մասին:Բուզանդը բանահյուսությունից օգտվում է այնպես, ինչպես եթե այն լիներ հավաստի աղբյուր և մեջբերելով ժողովրդական վեպը՝ պատմություն է ստեղծում։ Ժամանակագրական առումով շարունակելով Ագաթանգեղոսի «Պատմությունը»՝ թագավորների՝ Արշակունիների մասին խոսելուն զուգահեռ հեղինակը պատմում է Լուսավորչի տան և սպարապետներ Մամիկոնյանների մասին: Ներկայացնելով պարսիկների դեմ վարած պատերազմները, ներքին խարդավանքները՝ Բուզանդը պաշտպանում է միասնական պետականության գաղափարը, որտեղ, սակայն, եկեղեցին կունենա որոշիչ դեր։Բարձրացող Լուսավորչի տան կամ եկեղեցու և Արշակունիների միջև հակասությունը Բուզանդը ներկայացնում է որպես պայքար հաճախ անբարո կյանքով ապրող թագավորների և ազնիվ ու սրբակյաց հայրապետների միջև, որոնք ուզում են առաջիններին ճիշտ ուղի դուրս բերել։Թագավորների ճյուղը ներկայացնելիս Բուզանդը օգտվել է գրավոր աղբյուրներից, ինչպես նաև բանավոր ասքերից ու զրույցներից։ Եկեղեցու գործիչների մասին Բուզանդը պատմում է, նկատի ունենալով ժողովրդական և օտար վարքագրություններն ու բանավոր պատումները։ Շահեկան է ներկայացնում հոգևորականությանը, հատկապես բարձրացնում է Ներսես Մեծին, որի կենսագրությունը լրացնելու համար օգտվել է նաև 4-րդ դարի նշանավոր աստվածաբան Բարսեղ Կեսարացու վարքից:Փավստոս Բուզանդի «Պատմությունը» հետագա սերունդների համար եղել է գեղարվեստական նյութի անփոխարինելի աղբյուր։ Մասնավորապես, Րաֆֆին «Սամվել» պատմական վեպի գաղափարը նրանից է փոխառել։