Գրականություն

Նահապետ Քուչակ

Կենսագրություն
Նահապետ Քուչակը համարվում է հայ միջնադարյան ժողովրդական-գուսանական քնարերգության փոքրածավալ (հիմնականում քառատող) երգերի՝ հայրենների զգալի մասի հեղինակը: Նրա ծննդյան ամսաթիվը ենթադրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։
Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ։
Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը:
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով:

Leave a comment